
Հեռուստատեսությամբ իր աղմկահարույց ելույթից հետո տաքսու վարորդը Հայաստանում դարձել է առցանց հերոս: Այս մասին գրում է Սամիհա Նետիկարան բրիտանական BBC լրատվականիTrending բլոգում:
Աշխարհի շատ վայրերում տաքսու վարորդներին դիտում են որպես առողջ բանականության աղբյուրի՝ որպես փոքր գործարարների, ինչպես նաև ամեն քայլափոխում հանդիպող տարբեր մարդկանց սպասարկողների, ովքեր միշտ ունեն բացառիկ հնարավորություն օրվա խնդիրների շուրջ իրենց կարծիքը հայտնելու: Փաստորեն, արդեն լրագրողական կլիշե է դարձել այն, որ տաքսու վարորդի խոսքը մեջբերում անելով՝ կարելի է ստուգել հասարակության տրամադրությունը:
Այս տեսակետի ծայրահեղ տարբերակը նախկինում անհայտ հայ տաքսու վարորդին դարձրեց միանգամից հայտնի և շոշափելի հեղինակություն: Արման Գալստյանը այս ամսվա սկզբին Երևանում մասնակցում էր տաքսու նոր լիցենզավորման օրենքների դեմ բողոքին, որը ըստ վարորդների՝ ենթադրում է նոր անարդար վճարումներ:
Հեռուստաալիքները այդ ցույցի վայրում հարցազրույցներ էին վերցնում Գալստյանից, ով կրքոտ մենախոսում էր իր և իր ընկերների խնդիրների մասին՝ առաջարկելով գործնական լուծումներ՝ ցածր հարկեր և ստանդարտ կանոններ բոլոր տաքսու վարորդների համար:
Տրանսպորտային ոլորտի կարգավորումը թվում է՝ լայն արձագանք ակնկալող թեմա չէ: Բայց երբ այդ մասին հոլովակները հայտնվեցին YouTube-ում, դրանք ունեցան 300 հազար դիտում, որը 3 միլիոնանոց երկրի համար ահռելի հիթ է: Գալստյանը դարձավ առցանց սենսացիա, իսկ երբ նա հայտնվեց հանրահայտ հեռուստաշոուում, այդ հարցազրույցը նույնպես դարձավ վարակիչ օրինակ: Հեռուստաէկրանից Գալստյանը պաշտոնյաներին կոչ արեց հանել իրենց փողկապները և գալ նստել իր կողքին՝ Երևանի տաքսիների իրականությունը տեսնելու համար: «Եկեք վիրտուալ կյանքից տեղափոխվեք դեպի իրականը և խոսեք մարդկանց լեզվով»,- ասաց նա:
Այսպիսով՝ սուր կարծիքներով և մուգ ակնոցներով այս մորուքավոր երիտասարդը ինչով գրավեց Հայաստանի հասարակությանը: Հասարակությունը համակրում է Գալստյանին, համամիտ է քաղաքային իշխանության հետ նրա դժվարությունների հարցում, և շատերն են զգում, որ այդ օրենքը անկողմնակալ չէ՝ ասում է BBC դիտարկումներ անցկացնող Տիգրան Զաքարյանը: «Նրա լեզուն խոսակցական էր, բայց նրա տոնը հաղորդում էր պարզ ուղերձ: Հայաստանի ժողովուրդը նրան համարում է համարձակ տղա, ով մնում է դրական»:
Երևանում արվեստի գծով տնօրեն Արամ Շահինյանը Tweeter-ում գրել է, որ Գալստյանը «տեղական հերոս» է: Գալստյանի ֆեյսբուքյան երկրպագուների էջին արդեն հազարավոր մարդիկ են միացել: «Կա մի հին կատակ, ըստ որի՝ շատ ցավոտ է, որ այն մարդիկ, ովքեր հստակ գիտեն ինչպես զարգացնել երկիրը, բոլորը աշխատում են տաքսու վարորդներ: Պետրոս Ղազարյանի երեկվա հարցազրույցը ցույց տվեց, որ դա պարզապես կատակ չէր»,- մեկնաբանեց բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:
Մեկ այլ մեկնաբանություն՝ «Դու 100 հազար անգամ ավելի խելացի ես և ուշիմ, քան նախագահ Սերժ Սարգսյանը կամ կառավարությունում որևէ այլ նախարար»:
Թեև Գալստյանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հարցը վերածել քաղաքականության, սակայն նրա ժողովրդականությունը հանգեցրեց նրան, որ նա հանդիպում ունեցավ տրանսպորտի նախարարի հետ: Չնայած ոչ բոլորն են մտածում, որ նա այդ ուշադրությանն արժանի է:
«Լավ, նա խոսում է տպավորիչ, բայց ես կուզենայի հասկանալ, թե որն է նրա տեսակետը: Ինչ են նրանք ուզում փոխել օրենքում»,- հարցրել է հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը: Հեռուստատեսության ներկայացուցիչ Պետրոս Ղազարյանը մեկնաբանել է. «Ես շատ մարդկանց եմ հյուրընկալել, որոնք ավելի մեծ անարդարությունների զոհ են եղել, քան այս տաքսու վարորդը և իր գործընկերները: Բայց այս անգամ հասարակության արձագանքը աննախադեպ էր: Ես կարող եմ պնդել, որ շատ մարդիկ ավելի հետաքրքրված են սկանդալներով և սենսացիաներով, քան արդարությամբ»:
|