Armtimes.com-ը գրում է.
Պատգամավոր Մհեր Սեդրակյանը նախորդ տարի վաճառել է իր երկու առանձնատներից մեկը, որի համար գնորդը վճարել է ավելի քան կես միլիոն ամերիկյան դոլար՝ 276,6 միլիոն դրամ: Այս մասին գրված է պատգամավորի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2014թ. տարեկան հայտարարագրից: Սեդրակյանը վաճառել է նաեւ իր երկու հողամասերից մեկը՝ 36,1 միլիոն դրամ արժողությամբ: Այս երկու գործարքների արդյունքում Մհեր Սեդրակյանի դրամական միջոցները 60 միլիոն դրամից հասել են 400 միլիոն դրամի:
Սակայն անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտը քիչ բան է պատգամավորի՝ բիզնեսներից ստացված եկամուտի դիմաց: Նախորդ տարի հանրապետական պատգամավորը 647 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 330 միլիոնը՝ բիզնեսներից ստացված եկամուտն է, 312 միլիոնը՝ գույքի օտարումից, 4,5 միլիոնը՝ աշխատավարձից: Սեդրակյանի շահաբաժինը տարեց տարի մի այլ կարգի աճում է: Եթե 2011-ին եւ 2012-ին շահաբաժնից ստացած նրա եկամուտը եղել է մոտ 1,5 միլիոն դրամ, ապա 2013-ին արդեն՝ 50 միլիոն, եւ 2014-ին, ինչպես արդեն նշեցինք, 330 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ անշարժ գույքի կոլեկցիոներ է պատագամվորի որդին՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը:
Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում է դեռ ՀՀՇ-ի ժամանակներից՝ 1995 թվականից: Օրենսդրական նախաձեռնությունների, հարցուպատասխանի, քննարկումների տեսանկյունից նա խորհրդարանի «ծույլիկներից» է: Նա համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկերը: